Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապագա ունի՞ Բաքու-Անկարա-Իսլամաբադ ալյանսը

Ապագա ունի՞ Բաքու-Անկարա-Իսլամաբադ ալյանսը
03.12.2017 | 12:33

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն, Խավաջ Մուհամեդ Ասիֆը: Այդ ձևաչափով` առաջին անգամ: Ադրբեջանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ` «կայացել են արդյունավետ խորհրդակցություններ տնտեսական ու առևտրական կապերի զարգացման, տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգող կոնֆլիկտների շուրջ»: Բացի այդ` քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Հանդիպման արդյունքով ընդունվել է Բաքվի հռչակագիրը: Ադրբեջանում նորից են սկսել խոսել Անկարա-Բաքու-Իսլամաբադ ալյանսի մասին: Դեռ 2004-ին Ադրբեջանում շատերն էին առաջարկում ռազմական ալյանս ստեղծել Թուրքիայի ու Պակիստանի հետ, որ «կարող է դիմակայել արդեն գոյություն ունեցող Ռուսաստան, Հայաստան, Իրան ռազմական միավորմանը»: Եթե մի քիչ փորփրենք, կպարզվի, որ…


Պակիստանը մինչև 1947-ը Հնդկաստանի անգլիական գաղութների շարքում էր: Այդ գաղութում բազմաթիվ ժողովուրդներ կային, նրանց կարելի է բաժանել երկու մասի` ինդուսների` բնիկների, ու մուսուլմանների` Հնդկաստանը 12-13-րդ դարերում նվաճած պարսիկների ժառանգների: Ինդուսները կենտրոնացած էին հիմնականում ներկա Հնդկաստանի տարածքում, իսկ մուսուլմանները` Պակիստանին անցած հողերում: Պանթուրքիզմի ու պանիսլամիզմի գաղափարներով ոգևորված Օսմանյան կայսրությունը իր ներկայությունն այդ շրջանում ուրվագծեց հիմնականում Աֆղանստանում` 1908-ին երիտթուրքերի հեղափոխությունից հետո: Հայտնվեցին «երիտաֆղաններ», որ սերտ կապեր ունեին «երիտբուխարցիների» ու «երիտխիվինացիների» հետ Ռուսական կայսրության տարածքում: Այդ ժամանակ տարածաշրջանում երկրի հյուսիսում թուրքական էթնոսի` ուզբեկների, թուրքմենների և թուրքական ծագմամբ փոքրաթիվ ազգությունների` ղզլբաշների, աֆշարների, չարայմակների շրջանում պանթուրքիստական տրամադրությունների ու գաղափարների աճ կար: 1919-ին, երբ Օսմանյան կայսրությունը, որի սուլթանը համարվում էր բոլոր ուղղափառների տիրակալ, Առաջին աշխարհամարտից հետո հայտնվեց անհետացման եզրին, Բրիտանական Հնդկաստանի մուսուլմանները քաղաքացիական անհնազանդության արշավ սկսեցին: Զինվորներն ու սպաները փորձում էին Աֆղանստանի ու Պարսկաստանի միջով հասնել Օսմանյան կայսրություն` սուլթանին պաշտպանելու: Թուրքիայում դա մինչև հիմա հիշում են: 1947-ին Պակիստանն անկախություն ստացավ և Անկարան առաջիններից մեկը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: Երկրի հիմնադիր Ալի Ջինան բացահայտ հիանում էր Աթաթուրքով ու խոստանում նրա սկզբունքներով պետություն կառուցել: Այդ ժամանակներից Պակիստանն ու Թուրքիան կողք կողքի են, անդամակցում էին հակախորհրդային ՍԵՆՏՕ դաշինքին ու աջակցում էին միմյանց հետագա բարդ, երբեմն էլ դրամատիկ իրադարձություններում:

Թուրքիայում «Արդարություն ու զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը իբրև վարչապետ ու նախագահ այցելում էր Իսլամաբադ: Անկարան իր տնտեսական ու աշխարհաքաղաքական վերելքի պահին Պակիստանում փափուկ ուժ էր օգտագործում: Անկարա-Իսլամաբադ ալյանսը պատմականորեն բնական է թվում, թեպետ ներկա պայմաններում Թուրքիան հազիվ թե ի վիճակի է Պակիստանին արդյունավետ օգնություն ցույց տալ իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման մեջ: Ադրբեջանի մասնակցությունը, որ ընդհանուր սահման չունի ոչ Թուրքիայի, ոչ Պակիստանի հետ, ալյանսում ինքնատիպ է դառնում: 2012-ի գարնանը Պակիստանի Սենատի փոխնախագահ Միր Ջան Ջամալին Բաքվում առաջարկում էր Ադրբեջանին համատեղ ռազմական դաշինք ստեղծել: Նրա խոսքով` միջուկային զենք ունեցող Իսլամաբադի հետ Բաքվի դաշինքը «կդառնա բոլոր մուսուլմանական երկրների ռազմական ալյանսի հիմք»: Պակիստանը չի ճանաչել Հայաստանի անկախությունը և աջակցում է ադրբեջանական դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Բաքուն էլ Հնդկաստանի հետ Քաշմիրի շուրջ վեճում պաշտպանում է Իսլամաբադին: Բաքուն փորձում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից իր համար օգուտ «քամել»: Մի կողմից` սիրիական հարցում Թուրքիայի ու Իրանի հետ ալյանսում Ռուսաստանն է: Մյուս կողմից` Պակիստանն ու Հնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամներ են, թեպետ այդ երկրների միջև Քաշմիրի պատճառով սուր տարաձայնություններ կան: Երրորդ կողմից` սերտ դաշինք կա Չինաստանի ու Պակիստանի միջև: Այդ ալյանսները որոշարկում են Ադրբեջանի գործողությունների ուղղությունները տարածաշրջանում տարբեր եռանկյունների մակարդակով, որոնց ամեն անկյունը ինչ-որ մեկը ծածկում է: Բաքվում իր թուրք ու պակիստանցի գործընկերների հետ հանդիպումից հետո Ադրեջանի ԱԳ նախարարը հայտարարեց ապագա համագործակցության «ճանապարհային քարտեզի» մասին` տնտեսական ու առևտրական կապերի զարգացմամբ: Պակիստանին առաջարկվում է օգտագործել Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավորությունները այդ ոլորտներում` նկատի ունենալով վերջերս շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Սակայն լոգիստիկան հուշում է այդ նախագծին Իրանի միացման անհրաժեշտությունը և հայտնվում են բազում «բայց»-եր:


Վերջերս գերմանական Tagesspiegel-ը, վերլուծելով Բաքվի ու Անկարայի ձգտումները` իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը կոծկել չինական «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծով, հայտարարեց, որ դա տեսանելի ապագայում ռեալ չէ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության պատճառով: Թերթը կարծում է, որ չնայած ԱՄՆ-ի ու Թուրքիայի խնդրահարույց փոխհարաբերություններին, Անկարան «դուրս չի գա ԱՄՆ-ի ազդեցության գոտուց», իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմնա «միայն թուրքական «նոր Մետաքսի ճանապարհ»` Ռուսաստանի ու Իրանի շրջանցումով»: Դա արդեն վաղուց հասկացել են Չինաստանում, որ «ղեկավարվում է շահույթի գործնական շահերով` բացելով երկաթուղային հաղորդակցություն Արևմտյան Եվրոպայի հետ Ղազախստանի ու Ռուսաստանի միջոցով»: Պեկինի համար դա ունի պատմական ու աշխարհաքաղաքական նախադրյալ` ուղղակի կապված թուրքական գործոնի հետ: Պակիստանի ԱԳ նախարարը Բաքվում մի շարքի վրա շարեց իրավիճակի կարգավորումը Քաշմիրում, Կիպրոսի հյուսիսում ու Լեռնային Ղարաբաղում: Եթե քարտեզին նայեք, Քաշմիրը, Հյուսիսային Կիպրոսը Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռանկյան կողմնային ուղղություններն են: Թերևս ալյանսը դադար վերցնի: ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է 2018-ին, քննարկվելու են նախագահների հանդիպման հարցերը: Բայց մինչ այդ Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում լուրջ փոփոխություններ կլինեն:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրադարձային դաշինքներ տարածաշրջանում հեշտությամբ կազմվում ու խնդրի լուծումից հետո անհետանում են: Հարց է, թե ինչ չհայտարարված խնդիր ունի Բաքու-Անկարա-Իսլամաբադ ալյանսը: Բացի երեք երկրներից` ում շահերից է բխում և ում շահերին է հարվածում տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս: Հայաստանը չճանաչող երեք երկրների ալյանսը, իհարկե, առանձնապես հաճելի միավորում չէ, բայց մինչև նախագահների հանդիպում ու ալյանսի նպատակների հստակեցում, իսկապես, բազում այլ իրադարձություններ կլինեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ